Հրատարակութիւն

PDF
Երեքշաբթի, 02 Դեկտեմբեր 2014 13:45

Հայաստանաբնակ Արարատականները իրենց յարգանքի տուրքը մատուցեցին նորոգ հանգուցեալ երաժշտագէտ խմբավար Գուրգէն Մովսիսեանին

Rate this item
(0 votes)

Հոգեհանգիստ

Գուրգէն Մովսիսեանի յիշատակին

Կիրակի 23 Նոյեմբերի 2014 թւին Երևանի Սուրբ Յովհաննէս եկեղեցում նախաձեռնութեամբ ընտանիքի, բարեկամների ու հարազատների տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն ի յիշատակ նորոգ հանգուցեալ Գուրգէն Մովսիսեանի։

Հոգեհանգստին ներկայ էին Հայաստանում բնակւող՝ հարազատներ, ընկերներ և նրան ճանաչողներ, որոնք եկել էին իրենց յարգանքի տուրքը մատուցելու նրա անմոռաց յիշատակին։

Հոգեհանգստեան կարգի աւարտին քահանան իր մխիթարանքի խօսքը յղեց ներկաներին։ Նա իր խօսքում ասաց՝- համաձայն մեր քրիստոնէական հաւատքի ննջեցեալների հոգու խաղաղութեան համար մենք բոլորս աղօթեցինք առ Բարձեալն Աստւած, և հայցեցինք որ հանգուցեալին երկնային արքայութեան արժանացնի, իսկ հարազատներին պարգևի համբերութիւն և խաղաղութիւն դիմակայելու համար այս կորուստը։

Ապա եկեղեցու հոգևոր սիւների ներքոյ Արարատ Կազմակերպութեան Սևան երգչախմբի հիմնադիր և տարիների ղեկավար՝ երաժիշտ-արւեստագէտ Գուրգէն Մովսիսեանի խնկարկւող յիշատակի համար, Արարատ Կազմակերպութեան Հայաստանում բնակւող Արարատականների անունից, որպէս յարգանքի, վշտակցութեան ու յիշատակի մի փոքրիկ ծաղկեփունջ, ընթերցւեց մահակախօսական՝ որտեղ հակիրճ կերպով ներկայացւում էր նրա ծաւալած ստեղծագործական գործունէութիւնը Իրանում հայ երաժշտութիւնը վառ պահելու և այն մեր սերնդներին փոխանցելու անցած ուղին։

Խորապէս ցաւակցում ենք բոլոր հարազատներին և ընկերներին։ Թող որ սիրելի Գուրգէնի հոգին հանգչի խաղաղութեամբ…. Յիշատակն անթառամ…

 

23 Նոյեմբեր 2014 Թ.

Երեւան, Հայաստան

 

 

Մահախօսական

Գուրգէն Մովսիսեան՝ մարդն ու երաժիշտը:

Հաւատացեալ քրիստոնեան եւ զգայուն արւեստագէտը.........

 ...Նրան՝ մենք այդպէս ճանաչեցինք, երբ՝ հրաւիրւեց հիմնադրելու եւ ղեկավարելու՝ Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան «Սեւան» քառաձայն երգչախումբը:

 

Նա, Վիեննայից վերադառնալով Իրան, տարիներ ղեկավարեց Թեհրանի Սիմֆոնիկ բազմանդամ երգչախումբը ու դասավանդեց Թեհրանի երաժշտական ուսումնարանում։

 

Տարինե~ր.... որ այսօր թւում է մի պահ. ու....... նա փայլեց  Իրանի երաժշտական ասպարէզում, ապա իր հանգրւանը գտաւ՝ Ամերիկայի Միացեալ Նահանգներում:

Ամերիկայի Միացեալ Նահանգներ.... տարբեր ազգերի մշակոյթների խառնարան.... եւ Գուրգէնի համար օտար, անծանօթ երկիր, որտեղ նրա նուրբ ու զգայուն հոգին անկարող էր ստեղծագործել:

 

Յիշատակելի է՝  մշակութային  բուռն  գործունէութիւնը,  որ  ունէինք  Արարատի  յարկի  տակ 1980-90ական թւականներին:

Երգչախմբային համերգներ, թատերական ներկայացումներ, գրական երեկոներ եւ Գուրգէնի համագործակցութիւնը՝ Արւեստից Միութեան բաժանմունքների հետ:

Լսել նրա խորհուրդներն եւ ամենակարեւորը՝ ունենալ նրա ներկայութիւնը, որը գօտեպնդում էր մեզ ու առաջնորդում:

Նրա համերգներն եզակի էին, երբ հանդիսատեսը աթոռին գամւած, ըմբոշխնում էր երգչախմբի կատարումները.... թւում էր երգի մեղեդին գալիս էր նրա ներքինից, որն ունէր ստեղծագործ ուժ եւ՝ փոխանցւում էր սրահ:

Նա ապրում էր եւ ապրեցնում հանդիսատես-ունկնդրին:

Գուրգէնի գործունէութիւնը ծաւալւում էր նաեւ Հայոց ազգային դպրոցներում, երաժշտութիւն դասաւանդելով եւ նոյն դպրոցների համար, երգի դասատուներ պատրաստելու նպատակով կազմակերպւած՝ դասընթացներ ղեկավարելով:

 ... Բայց աւա~ղ դա երէկ էր... եւ յանկարծ  անսպասելի լսում ենք նրա մահւան գոյժը..... Գուրգէնը ոչ եւս է:

Նա հեռացաւ կեանքից առյաւէտ, հայրենի կարօտը սրտում, երբ դեռ կարող էր ստեղծագործել եւ իր անմնացորդ արւեստը փոխանցել մեզ:

Իսկ մեզ՝ հայերիս մինչեւ երբ է վիճակւած, ապրել ցրւած աշխարհի չորս ծեգերում եւ տենչալ Հայաստանի մասին... Այն հայրենիքի որի ազատութիւնն ու բարգաւաճումը շարունակ եղել է մեր երազանքը:

....Այսօր հաւաքւել ենք այս հոգեւոր սիւների տակ, նրա հոգու հանգիստը  յիշատակելու համար։ Իր կատարած կտակի համաձայն նրա աճիւնը պիտի հանգչի հայրենի հողում. Իսկ այս պահին թող որ նրա հոգին թեւածի այս սիւներից ներս ու հայրենի երկրում:

Ցաւակցում ենք բոլոր հարազատներին, ընկերներին եւ նրանց՝ ովքեր ճանաչում եւ յարգում էին նրան:

 

 

Կիտուշ Արզուեան

23 Նոյեմբեր 2014 Թ.

Երեւան, Հայաստան

 

Last modified on Չորեքշաբթի, 03 Դեկտեմբեր 2014 15:54